ՀՀ փոխվարչապետը ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համատեղ աշխատանքի ուղիները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Վերջինիս ուղեկցում էր ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի ուղիները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից, փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ ՀՀ կառավարության սերտ համագործակցությունը՝ նշելով, որ դրա արդյունքում բազմաթիվ ընթացիկ և արդեն իսկ հաջողված ծրագրեր են իրականացվել: Նա առանձնացրել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի կառուցումը՝ որպես իր տեսակի մեջ Հայաստանում առաջինը և ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի հաջող օրինակ: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, որտեղ համագործակցության լայն հնարավորություններ կան: Նկատի ունենալով ԵՄ-ի՝ 2.6 մլրդ եվրո աջակցության արդյունքում մեկնարկելիք նոր ծրագրերը՝ փոխվարչապետը դրանց իրականացման գործում ընդգծել է ՎԶԵԲ-ի դերակատարությունը՝ այդ համատեքստում վերջինիս դիտարկելով որպես հիմնական գործընկերներից մեկը:

Ըստ աղբյուրի՝ ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նկատելով, որ նախկին արդյունավետ գործակցության փորձով միմյանց հասկանալն ու առաջ ընթանալը դյուրին է լինելու:

«Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համատեղ աշխատանքի ուղիները: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է ենթակառուցվածքների ոլորտի զարգացումը, մասնավորապես՝ ընդգծելով Սյունիքում այդ ուղղությամբ ծրագրերի իրականացումը: Նա հատկանշել է ճանապարհաշինության, ջրագծերի անցկացման, ջրամբարաշինության, զբոսաշրջության զարգացման և կանաչ էներգիայի օգտագործման ուղղությունները: Փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նշանակությանը՝ առանձնացնելով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումն իր բոլոր բաղադրիչներով»,- հայտնում են ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի ավտոբուսների արդիականացման, կանաչ էներգիայի զարգացման, ջրամբարաշինության և աղբավայրերի կառուցման հարցերին: Կողմերն ինտենսիվ և լիակատար համագործակցության պատրաստակամություն են հայտնել ծրագրերի իրականացման փուլում:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան