Հասարակական

Հայաստանը գերիների վերադարձի հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի. Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը գերիների վերադարձի հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի. Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն այս հարցում ուժեղացնելու կարիքն ունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ շեշտել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելելու և նրանց կապն ընտանիքի հետ մշտապես ապահովելու հարցում: Նա Թիերի Ռիբոյի հետ կիսվել է խորը մտահոգությամբ՝ կապված Ադրբեջանում գտնվող հայ գերիների ու պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի հետ։

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում կառույցի իրականացրած գործունեությունն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Նախարարությունից հայտնում են, որ հյուրի խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգին և առանձնացրել քրեակատարողական համակարգի առողջացման ծրագիրը՝ ուղղված ոչ միայն ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությանն, այլև կառավարման համակարգի բարելավմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ երկու կառույցների միջև առկա համագործակցությունն առավել խորացնելու հարցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում