Պաշտոնական

Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյանն ու ՌԴ դեսպանը քննարկում են ունեցել

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյանն ու ՌԴ դեսպանը քննարկում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱԳ նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև օգոստոսի 26-ի կառավարության ծրագրում:

Նշվել է, որ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրադարձությունների զարգացման դինամիկան առավել կարևոր է դարձնում հայ-ռուսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ջանքերի կապակցությամբ՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը:

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, այդ թվում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն այդպիսով խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Զրուցակիցները նաև քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր կգործադրի` ուղղված կազմակերպության զարգացմանն ու ներուժի ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում