Հասարակական

Միջպետական ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված են

2 րոպեի ընթերցում

Միջպետական ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված են

ԳԱՎԱՌ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն շահագործման է հանձնվել Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի կառուցապատվող երկու հատվածները Չկալովկա գյուղի տարածքում։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, միջպետական նշանակության ճանապարհի կառուցապատման անհրաժեշտությունն առաջացել էր Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են այս տարվա մայիս-օգոստոս ամիսների ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ճանապարհի առաջին հատվածը գաբիոնապատվել ու բարձրացվել է 140, երկրորդ հատվածը՝ 180 գծամետր երկարությամբ։ Առանձին հատվածներում ճանապարհը բարձրացվել է մինչեւ 3,5 մետր։ Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, ասֆալտբետոնե երկշերտ ծածկի ու մետաղական արգելապատնեշի տեղադրման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 193 միլիոն 100 հազար դրամ։Միջպետական ճանապարհի երկու հատվածները Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով հայտնվել էին ջրածածկման ու քանդման վտանգի ներքո։ Կարճ ժամանակի ընթացքում իրականացվեց շատ կարեւոր ծրագիր, ու կառուցապատումից հետո ճանապարհը միանգամայն հուսալի ու անվտանգ վիճակում սպասարկում է տրանսպորտային երթեւեկությունը¦,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում