Գյումրիում մեկնարկել է «Gyumri open» շախմատի պատանեկան միջազգային մրցաշարը
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու մարզամշակութային կենտրոնում մեկնարկել է «Gyumri open» շախմատի պատանեկան միջազգային մրցաշարը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Օգոստոսի 16-23-ը կայանալիք բաց մրցաշարը 223 մասնակից ունի Հայաստանի մարզերից և արտերկրից։ Մրցումները կանցկացվեն երկու տարիքային խմբում։ Մրցաշարի բյուջեն մոտ 8 մլն դրամ է, որից 1 մլն-ը՝ մրցանակային ֆոնդը։
Կազմակերպիչների հաղորդմամբ, վերջին անգամ Գյումրին շախմատի միջազգային մրցաշար ընդունել էր 2009 թվականին: 12 տարի անց նմանատիպ մրցաշար կազմակերպելը հեշտ չէր: «Ցանկացած մրցաշար կազմակերպելը հեշտ չէ, դժվարություններ եղան, բայց կարևորն այն է, որ մրցաշարը կայացավ ու մասնակիցների նման թիվ ունի»,- նշեց Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցի ուսմասվար Արտուշ Քոչարյանը՝ հավելելով, որ մրցաշարին մասնակցում են հանրապետության բոլոր ուժեղագույն պատանի շախմատիստները:
Մրցաշարի կազմակերպիչներն են «64 շախմատի դպրոց»-ի տնօրեն Նորայր Հովհաննիսյանն ու Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցի ուսմասվար Արտուշ Քոչարյանը: Մրցաշարի կազմակերպմանն աջակցել են Հայաստանի և Գյումրու շախմատի ֆեդերացիաները:
Արմենուհի Մխոյան