Գրքի երևանյան փառատոնին ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի վերահրատարակված ակադեմիական հատորները
3 րոպեի ընթերցում
![Գրքի երևանյան փառատոնին ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի վերահրատարակված ակադեմիական հատորները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1059532.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան չորրորդ փառատոնին, որը մեկնարկեց հուլիսի 30-ին Հայաստանի նկարիչների միությունում, Հովհաննես Թումանյանի թանգարանն ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց գրողի ակադեմիական հատորները, որոնց վերահրատարակումը նախաձեռնել են Թումանյանի 150-ամյակին ընդառաջ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ թանգարանը տարիներ շարունակ հետազոտական աշխատանքներ է իրականացրել և պարզել, որ արխիվներում կան նոր նյութեր, որոնք ներառված չեն նախկին հրատարակություններում: «Ակադեմիական նախորդ հրատարակություններն ունեին լրացումների, հավելումների կարիք: Դրանով պայմանավորված՝ թանգարանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտին առաջարկեց համատեղ աշխատանք իրականացնել: Ունենք չորս հատոր, որոնք բավականին ծավալուն ու մանրակրկիտ են: Ընդհանուր տասը հատոր է: Վեց հատորը նախատեսում ենք հրատարակել առաջիկա հինգ տարում»,- տեղեկացրեց տնօրենը:
Նա նշեց՝ այս ընթացքում կորուստ են ունեցել: Կյանքից հեռացել է հատորների գլխավոր խմբագիրը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը: Չնայած այդ ցավալի փաստին՝ աշխատանքը չեն դադարեցրել:
Եղիազարյանը շեշտեց, որ Թումանյանի հատորները պատշաճ ներկայացնելու կարիք կար: «Նա գրի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ուներ և, որպես ընթերցող, մեծ ուշադրություն էր դարձնում գրքի արտաքին տեսքին: Թումանյանի ակադեմիական հատորները 80-ականների վերջին և 90-ականների սկզբին են լույս տեսել: Դժվար տարիներ էին: Գրքերը տարբեր գույների են, թուղթը տարբեր որակի է»,- հիշեցրեց Եղիազարյանը:
Անդրադառնալով հատորների բովանդակությանը՝ թանգարանի տնօրենը ևս մեկ անգամ ասաց, որ գիտական լուրջ աշխատանք է արվել: «Եթե այսօրվա ընթերցողը վերցնի ակադեմիական հատորները, այլևս մտավախություն չի ունենա, որ այնտեղ գուցե կրճատումներ կամ փոփոխություններ լինեն, քանի որ հարյուր տոկոսով համապատասխանեցրել ենք ձեռագրային տարբերակներին, առաջին տպագիր սկզբնաղբյուրներին: Գրքերը հետազոտողի համար կարող են հիմնական աղբյուր դառնալ: Գրքերում պահպանվել է թումանյանական ամբողջ տրամաբանությունը, անգամ կետադրական նշանները, որոշ տերմինների կամ բառաձևերի մեծատառով գրելը: Խորհրդային տարիներին ինչ-ինչ պատճառներով «Աստված», «Արարիչ» բառերը փոքրատառ են, իսկ Թումանյանը մեծատառ է գրել»,- պատմեց Եղիազարյանը:
Նա հավելեց, որ թարմացվել է նաև ծանոթագրությունների բաժինը:
Եղիազարյանի խոսքով՝ երբ ընթերցողը կարդում է գիրքը, կարողանում է ամփոփ տեղեկություն ստանալ տվյալ ստեղծագործության մասին, իսկ լրացուցիչ հղումները շատ կարևոր են մասնագիտական լսարանի համար:
Անժելա Համբարձումյան