Մշակույթ

Լուսիկը՝ Մարտիրոս Սարյանի մուսան. հայտնի և անհայտ նամակներ

15 րոպեի ընթերցում

Լուսիկ Սարյան, 1941 թ.
Լուսիկ Սարյան, 1941 թ.

Մարտիրոս Սարյանի հիսունվեց տարվա ընկերուհին, նրա հավերժական սերը՝ Լուսիկ Աղայանը, իր պայծառ կերպարով ոգեշնչել է նկարչին, ոգևորել, ինչի շնորհիվ վարպետը ստեղծագործել է՝ կերտելով նաև Լուսիկին պատկերող բազմաթիվ գեղարվեստական և գրաֆիկական աշխատանքներ։ Հոգիս, սիրականս, իմ կյանքս. այսպես է Սարյանը նամակներում դիմում իր սիրելի կնոջը, որն անմնացորդ նվիրվել է նրան և մշտապես աջակցել։ 

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է գեղեցիկ դրվագներ հայ մեծանունների սիրո պատմություններից, բացահայտում էջեր, որոնք, գուցե, շատերին ծանոթ չեն, անձնական նամակներ, որոնք հնարավորություն են տալիս առավել լավ ընկալելու անհատների էությունն ու հասկանալու նրանց սրտի գաղտնիքները։ 

Սարյանի սիրո մասին պատմել է նկարչի թոռնուհի, բանասեր, արվեստաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզան Սարյանը։ 

Երևան 1965Մ. Սարյանը թոռնուհու` Ռուզանի հետ
Երևան 1965 Մ. Սարյանը թոռնուհու` Ռուզանի հետ

«Մարտիրոս Սարյանը բացառիկ  երևույթ է, հանճարեղ նկարիչ և հանճարեղ մարդ իր բոլոր դրսևորումներով։ Երբեմն մտածում եմ՝ արդյոք ամեն մեկը կարո՞ղ է իդեալին մոտ պապիկ, հայր, ամուսին լինել։ Նա առաջին հայացքից սիրահարվել է գրող, հեքիաթագիր, թարգմանիչ, մանկավարժ և հասարակական գործիչ Ղազարոս Աղայանի դստերը՝ Լուսիկ Աղայանին, որովհետև հասկացել է, որ Լուսիկը կանացի գեղեցկության իր իդեալն է։ Երբ ավելի լավ է ճանաչել Լուսիկին, համոզվել է, որ նրա արտաքինն ու ներքինը համահունչ են, ինչի շնորհիվ ավելի է սիրել նրան։ Այդ սերը մինչև վերջին շունչը տարել է, ամբողջ կյանքի ընթացքում նա Լուսիկին ասես պատվանդանի վրա է դրել»,-նշում է Ռուզան Սարյանը։

Մարտիրոս Սարյանի և Լուսիկ Աղայանի սիրո պատմությանը նկարչի տուն-թանգարանն անդրադարձել է ցուցահանդեսներով։ Ցուցահանդեսներից մեկի շրջանակում էլ հրատարակվել է «Լուսիկը՝ Սարյանի մուսան» ալբոմը, որում Սարյանի և Լուսիկի փոխադարձ նամակներն են, ինչպես նաև նրանց նամակները՝ ուղղված իրենց հարազատ մարդկանց։ Բացառիկ են և հետաքրքիր բացիկների վրա Սարյանի՝ Լուսիկին ուղղված կարճ նամակներն այն բոլոր քաղաքներից, որտեղ նկարիչը եղել է։

Մ. Սարյանը կնոջ և որդիների հետ
Մ. Սարյանը կնոջ և որդիների հետ

«Լուսիկը պետք է տանը լիներ, հոգ տաներ ընտանիքի մասին, ամուսնուն թիկունք լիներ։ Նա հանուն իր հանճարեղ ամուսնու զոհաբերեց երգչուհի դառնալու երազանքը, բայց Լուսիկը դա անում էր՝ ամբողջապես գիտակցելով իր առաքելությունը և երբեք չըմբոստացավ, գուցե, միայն իր ամենամտերիմ ընկերուհուն՝ Նվարդին գրած նամակում խոսեր որոշ զգացմունքների մասին։ Լուսիկը նամակում ուրախություն է հայտնում, որ Սարյանը Ֆրանսիա մեկնելու վիզա է ստացել, ասում է՝ Սարյանը չէր ցանկանում գնալ, բայց ինքը նրան ստիպել է՝ բացատրելով, թե դա ինչ կարևոր բան է նկարչի համար, բայց արի ու տես, որ իրենց շահերը չեն համընկնում. Սարյանը գնաց, իսկ իր երազանքն անկատար մնաց»,-պատմում է թոռնուհին։ 

Մարտիրոս Սարյանն առաջին անգամ Լուսիկից բաժանվել է, երբ մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ցուցահանդեսի։ Նրա նպատակն էր վաճառել նկարներն ու կյանքի համար ամուր հիմքեր ստեղծել՝ ֆինանսական կախում չունենալով որևէ մեկից։ Սարյանը շատ պատասխանատու է եղել։  Տասնվեց տարեկանում միայնակ մեկնում է Մոսկվա ուսանելու, նկարիչ դառնալու նպատակով։ Նրան այնտեղ օգնում է ավագ ընկերներից մեկը։ Չնայած քաղաքի ահռելիությանը, գայթակղություններին՝ Սարյանին հաջողվում է չշեղվել իր ընտրած ուղղուց և կրթվել, մեծացնել ճանաչողության շրջանակը՝ թանգարաններ, թատրոններ և այլն։ 1916 թվականին նա բացիկներ է ուղարկում Լուսիկ Աղայանին (Սարյան) Մոսկվայի, Պետերբուրգի հայտնի ճարտարապետական կոթողների, եկեղեցիների լուսանկարներով, իր սիրած նկարիչների ստեղծագործությունների վերատպություններով։ 

Լուսիկ Սարյանը
Լուսիկ Սարյանը
Մ. Սարյանը կնոջ և որդիների հետ
Մ. Սարյանը կնոջ և որդիների հետ

«Այդ բացիկներով կարելի է հետևել Սարյանի ճամփորդությունների քարտեզին՝ Բեռլին, Դրեզդեն, Մյունխեն, Համբուրգ, Վենետիկ, իսկ Լուսիկը կամ Թիֆլիսում էր, կամ՝ Երևանում։ Սարյանը գրում և պատմում է իր տեսած գեղեցկության մասին, իսկ Լուսիկն ասում է, որ նստած է, ճրագի լույսը շատ աղոտ է, ցուրտ է։ Սարյանն այն զարմանալի ամուսինն էր, որ կարողանում էր գնահատել Լուսիկի զոհողությունները և հրաշալի նամակներ էր գրել նրան Փարիզից՝ ասելով, որ երբեք չի կարողանա հատուցել այն ամենը, ինչ Լուսիկն իր համար արել է։ Մեր ժամանակներում զարմանալի ու բացառիկ մարդկային հարաբերություններ են ունեցել։ Այդ նամակները կարող են դասագիրք լինել երիտասարդների համար»,-հավաստիացնում է Ռուզան Սարյանը։ 

Փարիզից ուղարկած նամակներից մեկում Սարյանը նկարագրում է մածուն մերելու գործընթացը։ Նկարիչն օգտագործում է արևգոլ բառը, որը գեղեցիկ է և լավագույնս փախանցում է այն, ինչ Սարյանը ցանկացել է ասել։ Ռուզան Սարյանը կարևորում է նաև Սարյանի և եղբոր նամակագրությունը, մարդու, որը ֆինանսավորել է Սարյանի ուսումը Մոսկվայում։  Սարյանն ասում է, որ պարզերես է եղել, քանի որ եղբոր ներդրած գումարն արդարացրել է. նկարիչ է դարձել։ Կան նամակներ եղբոր, քրոջ՝ Կատարինեի հետ, որը դժբախտ մարդ է եղել։ Կորցնելով իր ամուսնում ու որդիներին՝ նա մնացել է միայնակ ու ցանկացել ինքնասպան լինել, բայց Մարտիրոս Սարյանը քրոջը բերել է իր տուն ու նոր կյանք տվել նրան։ «Հենց այս տանն են իրենց մահկանացուն կնքել նրա ավագ եղբայր Հովհաննեսը, որն ընտանիք չուներ, Կատարինեն, Թագուհի Սարյանը։ Երբ Սարյանը ցանկանում էր նկարիչ դառնալ, մայրը չէր կարող հասկանալ, թե դա ինչ մասնագիտություն է ու զարմանքով հարցնում էր, թե ինչպես է ընտանիքը պահելու, ինչպես է հացը վաստակելու, այնինչ Սարյանին հաջողվեց օգնել  բոլորին։ Հետաքրքիր է, թե Լուսիկն ինչպես էր սիրում Մարտիրոսի հարազատներին, օգնում էր նրանց։ Լուսիկի անունով երդվում էր սարյանական ամբողջ բարեկամությունը։ Լուսիկ Աղայանին կարող ենք համարել նրա հավերժական սերը»,-ընդգծում է Ռուզան Սարյանը։ 

Երևան 1950Մ. Սարյանը, Կատարինեն (թոռնուհին), Լուսիկը (կինը), Սարգիսը (ավագ որդին)
Երևան 1950 Մ. Սարյանը, Կատարինեն (թոռնուհին), Լուսիկը (կինը), Սարգիսը (ավագ որդին)

Մարտիրոս Սարյանը նաև հարուստ գրական ժառանգություն է թողել։ Այդ ժառանգության կարևոր մասն են ոչ միայն նամակները, այլև հոդվածները նրա  հայտնի ժամանակակիցների, արվեստի մասին։ Տուն-թանգարանի անելիքներից է այդ նյութերի հիման վրա ժողովածու հրատարակելը։ Ժողովածուում կներառվեն Սարյանի բազմաթիվ օրագրերն ու ծոցատետրերը։ Այդ գրառումների մի մասը որպես գիրք Սարյանը հասցրել է հրատարակել իր կյանքի օրոք։ Այն կոչվում է «Գրառումներ իմ կյանքից»։  Գիրքը լույս է տեսել ճապոներեն, չեխերեն, ֆրանսերեն, ռուսերեն։ Սարյանը ռուսերեն է գրել, քանի որ ծնվել է Ռուսաստանում, կրթություն է ստացել այնտեղ, այնտեղ ապրել ու դարձել է նկարիչ և միայն 41 տարեկանում է եկել Հայաստան, սակայն Լուսիկ Աղայանին գրված նամակները հայերեն են։  

Տուն-թանգարանը գրքի ռուսերեն տարբերակը պատրաստում է տպագրության։ Հույս ունեն, որ հաջորդ տարի Ռուսաստանի ամենահայտնի «Սլովո» հրատարակչությունում, որը ղեկավարում են հայեր, կտպագրեն։ «Գիրքը գրելիս Սարյանը կորցնում է իր տետրերը, որտեղ շարադրել է հիմնական բովանդակությունը, հետո նորից է սկսում գրել, ինչի արդյունքում տարբերակներ կան. և՛ մեկն է լավը, և՛ մյուսը, ուստի պետք է ընտրել, թե որ կտորն է շահեկան։ Եթե լիներ ակադեմիական հրատարակություն, տարբերակներով կտպագրեինք, բայց, քանի որ ցանկանում ենք դյուրընթեռնելի գիրք լինի, հարկավոր է ընտրություն կատարել»,-ասում է Ռուզան Սարյանը և հավելում՝ Սարյանն անծայրածիր օվկիան է։ 

Երևան 1962Ընտանիքի հետ: Ձախից աջ` նստած են. որդին` Ղազարոսը, քույրը` Կատարինեն, կինը` Լուսիկը, թոռնուհին` Ռուզանը, հարսը` Գալինան: Կանգնած են` թոռը` Ռուբենը, որդին` Սարիկը, թոռնուհին Կատարինեն
Երևան 1962 Ընտանիքի հետ: Ձախից աջ` նստած են. որդին` Ղազարոսը, քույրը` Կատարինեն, կինը` Լուսիկը, թոռնուհին` Ռուզանը, հարսը` Գալինան: Կանգնած են` թոռը` Ռուբենը, որդին` Սարիկը, թոռնուհին Կատարինեն

Նամակներ 

                                                                                               1915, դեկտեմբերի 16, [Մոսկվա] 

ՀՈԳԻՍ՝ ԼՈՒՍԻԿՍ.

Սիրելիս, Արևս, իմ կեանքս, 

Իմ երկինքս, իմ լուսնեակ ԼՈՒՍԻԿՍ.

Էս առաջին օրն է, որ ես կարողանում եմ քեզ գրել փակ նամակ։

Ջանի՛կս, այստեղ սարսափելի ցրտեր են և մուշտակի տակից էլ զգալի է։ Սիրակա՛նս, գրիր ինչ ես անում, ինչպես է առողջությունդ, քեֆդ և այլն։

Ցուցահանդեսը բացվում է դեկտեմբերի 26-ին և պիտի փակվի փետրվարի 2-ին։ Դեռ չեմ որոշել ինչքան կմնամ, ավելի շուտ, չի որոշվել, բայց ես կասեմ քեզ, որ շատ ճամփորդել չեմ կարողանա։

Այստեղ պատահաբար հանդիպեցի շատ մոտ ծանոթ ընկերներիս՝ Ալեքսանդր Մյասնիկյանին, Վահան Տերյանին և ուրիշներին։ 

Մնամ քեզ անվերջ համբուրելով, իմ հրաշք Լուսիկս։

Քո՝ Մարտիրոս

                                                                                                                               

 

                                                                                                 1915, դեկտեմբերի 23, [Մոսկվա]

Իմ արև՛ս, լուսնյակ Լուսի՛կս.

Ի՞նչ խոսքեր կան, ի՞նչ խոսքերով կարելի է գրել, ես չեմ իմանում, ես չունեմ խոսքեր, գլխիս մեջ կարծես թե մտքերս խառնվել են իրար։ Եթե գժված լինեի, չորս կողմս կան մարդիկ, երևի մի բան կասեին, մի նկատողություն կանեին։

Մի բան կա գլխումս, ավելի շուտ՝ իմ մեջ, պարզ արևի պես, պարզ և պայծառ,- դա իմ սերն է, դա իմ միակ Լուսիկն է, և ամեն բան նրա շուրջն է պտտվում, ինչպես արևի շուրջը։

Իմ սոխակս, իմ բլբուլ Լուսիկս երգելիս ես վարդի ծառ կդառնամ։

Ընդունիր անվերջ համբույրներ քո ամուսնուց, որը միայն քեզ համար է ապրում, և քեզանով է ապրում...

Քո՝ Մարտիրոս

                                                                                                                                

 

                                                                                                     [1916, հունվար 14 Մոսկվայից]

Բարև, իմ թանկագին Լուսի՛կս,

Այսօր 14 է ամսի, ուղիղ  երեք ամիս սրանից առաջ մենք իրար պատահեցինք «Չաշկա»-յում։ Ես եկա և տեսա քեզ ու շարունակ նայում էի ինձ հարց տալով, սա ո՞վ է,  այնքան ինձ մոտ է, կարծես թե միշտ միասին էինք եղած, այնպես էր ինձ թվում, թե ես գտա այն, ինչ որ փնտրում էի, որը իմ մեջ էր ապրում միշտ։ «Նվիրեցիք ինձ այս մատիտը իբրև հիշատակ, գրեցեք ձեր անունը՝ Լուսիկ, 1915 14/10»։ Ինչքան պարզ էր ինձ համար և քեզ համար։  Երբ որ վերջերը մենք պատահում էինք, ես չէի կարողանում շատ խոսել և որպեսզի հիշեցնեմ քեզ միշտ, որ իմ վերաբերմունքը դեպի քեզ հասարակ չէ, հանում էի իմ մատիտը՝ այսինքն քո, քո ներկայությամբ և երկար նայում էի ուզենալով ասել, որ զգում ես դու, որ սա իմ սրտիս բանալին է, իմ սիրտը քեզ է նվիրված, ի՛մ անգին Լուսիկս։

Միևնույն բանը գրված է մատանիի մեջ «Լուսիկ, 1915, 14/10»։ Միևնույնն է քեզ մոտ՝ «Մարտիրոս, 1915, 14/10»։

Երեք օր դարձյալ լուր չկա քեզանից, այսօր կլինի անպատճառ, փոստը շատ ուշացնում է նամակները։ Վնաս չունի, շուտով կլինենք միասին, ի՛մ կյանքի աղբյուրը, իմ վա՛րդը, իմ սոխա՛կը, իմ արշալո՛ւյսը, և վերջալո՛ւյսը, իմ սարերի թագուհին, իմ Լուսի՛կը։

Համբուրում եմ անվերջ, անվերջ, անվերջ...

Քո՝ Մարտիրոս

                                                                                                                            

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում