Արցախ

Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը գերակա խնդիրներ են. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը գերակա խնդիրներ են. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը՝ Հակոբ Անդրեասյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր։

Ողջունելով ՌԱԿ պատվիրակության այցն Արցախ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը հայկական պահելու միակ ուղին միասնականությունն ու ողջ հայության ջանքերի միավորումն է: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է խթանել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացումը՝ հիմնական ներուժն ու միջոցներն ուղղելով բնակարանաշինությանն ու արցախցիների համար հայրենի հողում ապրելու և արարելու հնարավորությունների ստեղծմանը։

Անդրադառնալով 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմին՝ նախագահը նշել է, որ այն մեծ փորձություն էր համայն հայության համար, սակայն ժամանակն է համազգային նոր նպատակներ դնելու և նոր հաջողությունների ու հաղթանակների կերտման ուղղությամբ աշխատելու։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը մնում են պետության առջև ծառացած գերակա խնդիրները։

Հակոբ Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ Ռամկավար ազատական կուսակցությունը մշտապես Արցախի կողքին է։ Կուսակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենց քաղաքական ուժը շարունակելու է իրականացնել աշխատանքներ՝ հանուն հայրենիքի զարգացման ու զորացման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում