Պաշտոնական

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. ՀՀ նախագահն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

2 րոպեի ընթերցում

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. ՀՀ նախագահն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման:

Նախագահ Սարգսյանն ու Պաոլա Տավերնան մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը խոսել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին՝ անթույլատրելի համարելով գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը:

Նախագահ Սարգսյանը մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակության ժառանգության հետագա ճակատագրի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ վերոնշյալ հարցերում հայկական կողմն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-իտալական երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: Իտալիայի Սենատի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի՝ Իտալիա նախատեսվող պետական այցը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում