Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը մասնակցել են նոր Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման վերջին դասընթացին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վերապատրաստումն իրականացրել են ԱՄՆ-ից ու Կանադայից ժամանած փորձագետները։

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին՝ Ծառայության առաջնորդությունը ստանձնելու կապակցությամբ և Ծառայությունն իրականություն դարձնելու հարցում բարձր գնահատել Արդարադատության նախարարության և Ոստիկանության հետ համատեղ աշխատանքը։ «Ինչպիսի՞ն պետք է լինի այն պարեկը, որն ապագայում պետք է պաշտպանի ձեր երեխաներին։ Պարեկի այդ կերպարի ձևավորման սկիզբը դուք եք այսօր դնելու»,- նշել է դեսպան Լին Թրեյսին և հաջողություն մաղթել նոր Պարեկային ծառայության աշխատակիցներին՝ պատասխանատու առաքելությունն իրականացնելու ճանապարհին։

Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել դեսպան Լին Թրեյսիին և նրա թիմին՝ նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև դասընթացի մասնակիցներին՝ պատվախնդիր ու կարևոր նախաձեռնությանը միանալու և պատասխանատու ծառայությունը ստանձնելու պատրաստակամության համար:

Քրիստիննե Գրիգորյանի խոսքով, ժողովրդավարական պետություն կառուցելու ջանքերում հանրությանը ծառայող բարեվարք ոստիկանի կերպարի ձևավորումը Կառավարության առաջնահերթություններից է: «Ծառայել և պաշտպանել. սա է ժողովրդավարական հասարակությունում ոստիկանի կարևոր առաքելությունը։ Եվ սխալված չեմ լինի ասելով, որ մեր հասարակությունը սպասում է Պարեկային ծառայության մեկնարկին»,- նշել է նախարարի առաջին տեղակալն ու վստահություն հայտնել, որ առաջնորդության դասընթացների ընթացքում ստացած նոր գիտելիքներն ու կարողությունները կօգնեն դասընթացի մասնակիցներին լավագույնս ծառայելու պետությանը և հանրությանը:

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նաև Ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանին ու կրթահամալիրի անձնակազմին՝ կատարած մեծածավալ աշխատանքի համար։

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունը՝ հատկապես ոստիկանության բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում փորձագետների ներգրավման ու ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը՝ բարեփոխումների այս կարևոր փուլում նոր Պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի և արդյունավետ համագործակցության համար: «Նոր Պարեկային ծառայության գործարկման համար կարևոր նշանակություն ունի ղեկավար կազմի աշխատանքային հմտությունների կատարելագործումը: Վստահ եմ, որ բարձր որակավորման չափորոշիչներով անցկացված երկշաբաթյա դասընթացի ժամանակ ձեռքբերված մասնագիտական նոր գիտելիքներն ու հմտություններն արդյունավետ կկիրառվեն նոր ծառայության համար»,- ասել է փոխոստիկանապետը՝ վստահություն հայտնելով, որ կարճ ժամանակ անց բոլորն ականատեսը կլինեն այն արդյունքին, որի համար այսքան ժամանակ և եռանդ է ներդրվել։

Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունը Երևանում կգործարկվի հուլիսից։

Հայերեն

Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարները կաջակցեն Հայաստանի եվրոպական ինտեգրմանը

Չկա ՀՀ-ի որևէ սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան մեկ այլ սահմանային միլիմետրը. ՔՊ խմբակցությունը՝ սահմանազատման մասին

Զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար մի շարք պահանջներ կսահմանվեն

Ուկրաինայի պարտությունը տրիլիոնավոր դոլար կարժենա ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե

Հայտարարագիր ներկայացրած 61 հազար քաղաքացուց 4200-ն օգտվել է մինչև 100 հազար դրամ հետվճարի ծառայությունից․ Սիսակ Գաբրիելյան

Թրամփը հրամանագիր է ստորագրել Եմենի հութիների կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի արտաքին ռիսկերի պատկերում ցածր է գնահատում միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերը

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերի վերացումը քիչ հավանական է համարում

ՀՀ ԱԺ-ն ընդունել է քաղաքացիության գործընթացների թվայնացման օրենսդրական փաթեթ

Գազայում հրադադարի մեկնարկից ի վեր փլատակներից հանվել է 170 մարդու մարմին