3 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում ներկայացվեց Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ 2020 թվականին մեկնարկած եւ արդեն շահագործման պատրաստ Գեղարքունիքի մարզային միասնական հարթակը ( https://grup.am/):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային ենթակայության կրթամշակութային հաստատությունների եւ մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կայքը մշակել է «Լուսին Թեքնոլոջի մոբայլ» ընկերությունը, իսկ ֆինանսավորումն իրականացվել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի կողմից։ Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետի խորհրդական, կայքի ստեղծման համահեղինակ Վահագն Դաբաղյանը էկրանի վրա ներկաներին ծանոթացրեց նորաստեղծ կայքի բովանդակությանը ու դրանից օգտվելու ամբողջական հնարավորություններին: Գեղարքունիքի մարզային միասնական նորաստեղծ հարթակն ունի 6 ոլորտ. կրթություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, առողջապահություն եւ տուրիզմ: Նշված ոլորտներից առաջին 5-ը ունեն 6 բաժին, իսկ տուրիզմի ոլորտը՝ 8 բաժին: Բացի ոլորտներից, կայքն ունի նաեւ տարբեր կազմակերպություններին վերաբերող հատված եւ հետադարձ կապի հնարավորություն: Կայքը այցելուին հնարավորություն է տալիս ծանոթանալ մարզային ենթակայության կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների, երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, նրանց կողմից կայքում հրապարակված նորություններին, տեղեկանալ տարբեր միջոցառումների, մրցույթների, հայտարարությունների, պատկերացում կազմել մարզի տեսարժան վայրերի եւ զբոսաշրջային գրավչությունների ու ծառայությունների մասին, այցելել ցուցասրահ, դիտել տեսանյութեր:
«Նորաստեղծ հարթակի առավելությունը կայանում է նրանում, որ մեկ հպումով հնարավոր է տեսնել մարզային ենթակայության կրթական, առողջապահական, մշակութային, երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների գործունեությունը, հետեւողական լինել նրանց գործունեության ակտիվացմանը: Այս հարթակը հնարավորություն է տալիս նաեւ ակտիվ համագործակցություն, փորձի փոխանակում եւ, ինչու չէ, նաեւ ներքին մրցակցության ապահովում վերը նշված կազմակերպությունների միջեւ, ինչն ավելի դիտարժան եւ հետաքրքիր կդարձնի մեր հարթակը»,- նշեց Վահագն Դաբաղյանը:
Խոսրով Խլղաթյան