Արցախ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարարին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ և կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու է իր գործունեությունն Արցախում՝ ֆինանսատնտեսական ոլորտում:

Արայիկ Հարությունյանը կարևորել է հատկապես պատերազմական և հետպատերազմյան ճգնաժամային կառավաման գործում Գրիգորի Մարտիրոսյանի դերը՝ համոզմունք հայտնելով, որ նա այսուհետ ևս կաջակցի վերականգնման ու սոցիալական աշխատանքներին զուգահեռ նախատեսվող տնտեսական և զարգացման ծրագրերի իրականացմանը:

Ներկայացնելով նոր պետական նախարարին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նա համակարգելու է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների գործունեությունը, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական բարեփոխումների ընթացքը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում