Մշակույթ

«Մի անգամ դպրոցում» ֆիլմը երեխաներին կմատուցվի սուրդո-թարգմանությամբ

2 րոպեի ընթերցում

«Մի անգամ դպրոցում» ֆիլմը երեխաներին կմատուցվի սուրդո-թարգմանությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Պերսոնա Գրատա» պրոդյուսերական ընկերության հետ համատեղ առաջին անգամ նախաձեռնել է «Մի անգամ դպրոցում» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը, որի համար հատուկ պատրաստվել է սուրդո-թարգմանություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ֆիլմը սուրդո-թարգմանությամբ չլսող և չխոսող երեխաների համար կցուցադրվի հունիսի 1-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում:

«Նախաձեռնության նպատակն է ուշադրության կենտրոնում պահել խուլ ու համր հանրույթին՝ միաժամանակ նպաստելով նրանց ինտեգրմանը մշակութային կյանքին»,-ասվում է Հայաստանի ազգային կինոկենտրանի տարածած հաղորդագրության մեջ։

«Մի անգամ դպրոցում» ֆիլմում ընդգրկված են սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը՝ որդու հետ, Վահագն Գալստյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Նաիրա Շահիրյանը, Արա Սարգսյանը և այլք: Երիտասարդ դերասաններից են Արթուր Բեգջանյանը, Դալիթա Ավանեսյանը, Ստեփան Հովհաննիսյանը, այլք:

«Մի անգամ դպրոցում» կինոնկարը Տիգրանի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ դրսևորում է իր բացասական կողմերը, հաճախ ընկնում պատմությունների մեջ և չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ: Տիգրանը հասկանում է, որ դպրոցը փրկելու միակ տարբերակն ինտելեկտուալ հեռուստամրցույթին մասնակցելն ու հաղթելն է, քանի որ դրանից հետո դպրոցը կճանաչվի լավագույնը, իսկ լավագույն դպրոցը չի կարող փակվել: Հենց այդ ժամանակ Տիգրանին և նրա թիմակիցներին օգնության են գալիս խորհրդավոր ծերունի Վաչիկի արտասովոր գրքերը, որոնց օգնությամբ աշակերտները կարողանում են սեղմ ժամկետներում նախապատրաստվել մրցույթին։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Պրոդյուսերներն են Տիգրան Համբարձումյանը և Վահան Գրիշկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում