Հասարակական

Պայմանագրային զինծառայողը պետք է լինի պրոֆեսիոնալ. Փաշինյանը ԶՈՒ բարեփոխման մասին

2 րոպեի ընթերցում

Պայմանագրային զինծառայողը պետք է լինի պրոֆեսիոնալ. Փաշինյանը ԶՈՒ բարեփոխման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերում լուրջ և խորքային բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի հետ կապված պետք է տեղի ունենա շատ լուրջ վերանայում, պայմանով, որ ինքը պետք է լինի պրոֆեսիոնալ զինվոր: Մեր պայմանագրային զինծառայողների մի մասը (ոչ բոլորը) 14-15 օր մարտական դիրքում հերթապահություն էր անում, հետո գնում էր 14 օր անասնապահությամբ էր զբաղվում, տաքսի էր վարում կամ ուրիշ այլ աշխատանքով զբաղվում: Պայմանագրային զինծառայողի հաջորդ 15 օրը աշխատանքային ամսվա զինվորական ծառայության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց` զինվորի գործը պետք է լինի զենքի կիրառման, մարտավարական և ռազմավարական հմտությունները զարգացնելը:

«Մենք պրոֆեսիոնալ բանակ ասելով հասկանում ենք դա: Ընդ որում, մեր պատկերացումը հետևյալն է, որ զինվորը ոչ թե սահմանին խրամատում պետք է լինի, այլ պետք է լինի զորամասում, որովհետև սահման պահելը ոչ թե զինվորի խնդիրն է, այլ սահմանապահի: Այդ ընթացքում զինվորները պետք է լինեն զորամասում, որ անընդհատ զբաղվեն մարտավարության, տեխնիկական միջոցների հմտությունների զարգացմամբ և երբ ահազանգ լինի, որ սահմանի հատում է եղել, իրենք արագ դեպքի վայր հասնելու և միջոցներ ձեռնարկելու հմտություններ ունենան»,- ասաց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում