«Լուսանում է ամեն խավար…». հարգանքի տուրք մատուցվեց Խաչատուր Ավետիսյանի հիշատակին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակի առթիվ մայիսի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Լուսանում է ամեն խավար…» խորագրով հոբելյանական երեկոն: Նախագծի գեղարվեստական ղեկավարը Միքայել Ավետիսյանն էր, միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին ելույթ են ունեցել Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆեսոր Նորայր Դավթյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), ԵՊԿ օպերային ստուդիայի երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան):
Որպես մենակատարներ հանդես են եկել Լուսինե Ազարյանը, Գուրգեն Բավեյանը, Նունե Բադալյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը:
Հնչել են Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները: Երեկոն յուրատեսակ հարգանքի տուրք էր մեծանուն կոմպոզիտորի հիշատակին:
Կոմպոզիտորի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանն առանձնահատուկ ընդգծել է՝ Խաչատուր Ավետիսյանը հսկայական ժառանգություն է թողել, նրա գործերը մինչ այժմ կատարվում են, և ժողովուրդը սիրում է դրանք: Անդրադառնալով համերգին՝ կոմպոզիտորի որդին նշել է՝ ուրախ է և զգացված, որ Հայաստանում կազմակերպվել է նման երեկո:
Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում,հանդիսատեսի ջերմ ընդունելության պայմաններում: