Սփյուռք

Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում կյանքն ընթանում է բնականոն հունով, անմիջական վտանգ չկա

2 րոպեի ընթերցում

Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում կյանքն ընթանում է բնականոն հունով, անմիջական վտանգ չկա

ԵՐՈՒՍԱՂԵՄ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում վիճակը սովորականի պես է, անմիջական վտանգ չկա:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Դիվանի և կրթական հաստատությունների աշխատանքը սովորականի պես ընթանում է: Եկեղեցական արարողությունները կատարվում են ըստ կարգի: Ոչինչ չի չեղարկվել: Դեպքերը Հայոց թաղից հեռու են»,-նշեց նա:

Հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել, համայնքում չկան վիրավորներ, զոհեր կամ տեղահանվածներ: Հայկական թաղամասում խուճապի կամ վախի մթնոլորտ չի տիրում, միայն առկա է մտահոգություն, որը պայմանավորված է շարունակվող լարվածությամբ:

«Ակնկալում ենք, որ կողմերը բանակցության ճանապարհով արագ կհասնեն խնդրի հանգուցալուծման:Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,-նշում է պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Երուսաղեմում հուզումներն սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների եւ ոստիկանության միջեւ բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետեւ շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան եւ Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասան մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, եւս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում