Պաշտոնական

ՀՀ նախագահը և Մոսկվայի պետհամալսարանի ռեկտորը կարևորել են կրթագիտական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը և Մոսկվայի պետհամալսարանի ռեկտորը կարևորել են կրթագիտական համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:

Նշելով, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ է կրկին գտնվել մի վայրում, որի հետ բազմաթիվ աշխատանքային շփումներ է ունեցել տարիներ առաջ՝ որպես ուսանող, գիտնական և դասախոս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,զրուցակիցներն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական համագործակցությանը՝ կարևորելով դրա շարունակական զարգացումը ու խորացումը:

Նրանք շեշտել են, որ ժամանակակից աշխարհում գիտության սրընթաց առաջընթացին համաքայլ շարժվելու համար ուժերի համադրումը դարձել է հրամայական: Այս առումով կարևոր են Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հարուստ ավանդույթների պահպանումն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նախագահը և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՄՊՀ զարգացման հիմնադրամի ու համալսարանական մի շարք գիտական կենտրոնների և Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, հեռանկարային է գնահատվել համատեղ նախագծերի իրագործումն արհեստական բանականության, նորագույն տեխնոլոգիաների ու մի շարք այլ ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում