Քաղաքականություն

Արցախում հումանիտար իրադրությունը մեղմելու քայլերը եղել են Այվազյանի և Գուտերեշի հեռախոսազրույցի առանցքում

3 րոպեի ընթերցում

Արցախում հումանիտար իրադրությունը մեղմելու քայլերը եղել են Այվազյանի և Գուտերեշի հեռախոսազրույցի առանցքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:

«Զրույցի առանցքային թեմաներից էր ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում ՄԱԿ համապատասխան մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի իրականացրած աշխատանքները՝ անխափան հումանիտար մուտքն Արցախ ապահովելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանն ընդգծել է Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը:

ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որախարարի պաշտոնակատար Այվազյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշն անդրադարձել են նաև ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարն անընդունելի է համարել վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Այվազյանը կարևորել է ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում Արա Այվազյանն ընդգծել է նաև համանախագահության դերը պատերազմի հետևանքների հասցեագրման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում