Քաղաքականություն

Երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել. Սերժ Սարգսյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին

2 րոպեի ընթերցում

Երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել. Սերժ Սարգսյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը արձագանքել է ՀԱԿ-ՀՀԿ դաշինք կազմելու և այդ ձևաչափով ընտրություններին մասնակցելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատել է մայիսի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման փաստը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը:

«Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում:

Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,- նշված է երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում