Մշակույթ

Չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով. Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնների նոր խաղացանկերին

4 րոպեի ընթերցում

Չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով. Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնների նոր խաղացանկերին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում մարդկանց կյանքում դրական դերակատարում կարող է ունենալ արվեստը: Խզմալյանի հավաստիացմամբ՝ թատրոնները պետք է խաղացանկերը համալրեն նոր ներկայացումներով, որոնք կբարձրացնեն հասարակության պատասխանատվության զգացումը, ապրելու կամքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախարարի տեղակալն ասաց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանդիպել են թատրոնների տնօրենների հետ՝ հասկանալու ստեղծագործական ծրագրերն ու մոտեցումները:

«Մենք ունենք դեռևս չսպիացած վերքեր, մենք ունենք որոշակի անկումային տրամադրություն, ողբերգություն ենք ապրել: Երբ ողբերգական տրամադրությունների իրական, լուրջ պատճառներ կան, շատ կարևոր է, որ արվեստը գա, օգնի, դառնա հենարան մարդու համար, որ վերջինս չխորտակվի սեփական ողբերգության և սեփական ապրումների մեջ: Այդ իսկ պատճառով թեմատիկ ընտրության հարցում թատրոնները պետք է շատ զգույշ լինեն: Պատերազմին անդրադառնալը վաղ է. չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով: Մենք դեռ պետք է վերապրենք պատերազմը, անցնենք այդ էմոցիոնալ վայրիվերումները, որում այսօր ենք»,-նշեց Խզմալյանն ու հավելեց, որ իր խորին համոզմամբ՝ արվեստագետի, մշակութային գործչի առաքելությունն այսօր դրական տրամադրվածություն ստեղծելու, ապրելու ցանկության, կամքի կենտրոնացման, պատասխանատվության բարձրացման հարցում շատ ավելի մեծ է, քան երբևէ:

Ըստ Խզմալյանի՝ եթե մենք այս կարևորագույն առաքելությունը մի կողմ դնենք և խոսենք պատերազմի, պատերազմի զոհերի մասին, չենք կարող մրցակցել կյանքի հետ, քանի որ այն շատ ավելի զորեղ է և շատ ավելի բան ունի ասելու մարդուն, քան կարող է ասել արվեստը: «Այսօր արվեստը պետք է հակադրվի կյանքին, պետք է չենթարկվի կյանքի թելադրանքին և կյանքի ողբերգականությանը: Այն պետք է մարդուն ապրելու հնարավորություն տա: Ոլորտի պատասխանատուները պետք է մտածեն այս մասին: Եթե մենք չկարողանանք բալանսավորել հանրային տրամադրությունները, դրանով խթանելու ենք արտագաղթը, խթանելու ենք հարբեցողությունը, թմրամոլությունը, մեկուսացումը, քաղաքացու ապասոցիալականացումը: Արվեստը պետք է գա օգնելու մարդուն դուրս գալու իսկապես պատմական բարդագույն իրավիճակից»,-ընդգծեց փոխնախարարը:

Խոսելով թատրոնների աշխատանքի արդյունավետության գնահատման մասին՝ Խզմալյանը նշեց, որ իրեն հաճախ հարցնում են, թե ինչպես է պատկերացնում արվեստում արդյունավետության չափելի ցուցանիշները: Խզմալյանն առաջարկում է մի քանի կետի վրա ուշադրություն դարձնել: «Թատրոնների արդյունավետության չափանիշ կարող է լինել հյուրախաղերի քանակը, կարևոր է նաև հրավերների քանակը: Այսինքն՝ քանի միջազգային փառատոն գիտի քո թատրոնի մասին: Հնարավոր է՝ ֆինանսների կամ տեխնիակական հնարավորությունների պատճառով չես մասնակցել փառատոների, բայց ունես հրավերներ: Էական են հրապարակված հոդվածները ներկայացման կամ դերասանների մասին, թատրոնների ստեղծագործական անձնակազմի ակտիվությունը ԶԼՄ-ներում՝ հարցազրույցներ, հանդիպումներ և այլն: Կարևոր է նաև այն, թե տվյալ թատրոնի դերասանը քանի ռեժիսորի հետ է աշխատում, էական է հրավիրյալ ռեժիսորների քանակը: Սրանք իրատեսական բաներ են, որոնք հնարավորություն կտան չափելու տվյալ թատրոնի գործունեությունը: Սրանք պետք է սահմանվեն, և յուրաքանչյուր կառույց ունենալու է իր արդյունավետության ցուցանիշը: Ըստ այդմ պետությունը կկարողանա կողմնորոշվել այս կամ այն կառույցին աջակցելու հարցում»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում