Տոկիո 2020. Մեզ համար կարևոր է Օլիմպիական խաղերին մասնակցել որակապես լավ թիմով. Հրաչյա Ռոստոմյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից ուղիղ 100 օր առաջ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը սկսում է «Երազանքի ճանապարհը` Տոկիո 2020» նախագիծը, որի շրջանակում ընթերցողին կներկայացնենք մեր օլիմպիական թիմի անդամներին, կպատմենք նրանց մասին, ինչպես նաև կունենանք հատուկ ֆոտոշարք: Նախագիծը մեկնարկումէ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հարցազրույցով. խոսել ենք օլիմպիական թիմի, հնարավոր ուղեգրերի ու սպասվելիք մեդալների մասին:

-Պարոն Ռոստոմյան, ինչպե՞ս են ընթանում Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները:

-Նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Ստեղծված իրավիճակում գոհ ենք այն ընթացքից, որ ունենք հիմա: Օգտագործում ենք մեր ձեռքի տակ առկա բոլոր ռեսուրսները: Չենք թերացել կամ ուշացել որևէ բանից: Սակայն այս օրերին նույնիսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռևս չգիտի՝ ինչ է սպասվում: Հաճախակի ՄՕԿ-ի հետ հեռավար հանդիպումներ ենք ունենում, որտեղ քննարկում ենք բազմաբնույթ հարցեր: Քննարկման առարկա են, ինչպես օրինակ, մարզիկների, սպասարկող անձնակազմի պատվաստման հարցերը: Հստակ և վերջնական ոչ մի պատասխան դեռևս չունենք: Ինչ նախանշել ենք մինչ այս, արդեն իրագործվում է:

-Այսինքն սա ենթադրո՞ւմ է մարզիկների կամ սպասարկող անձնակազմի պատվաստում Խաղերին մասնակցելու համար:

-Նման քննարկում եղել է: Ոչ միայն մարզիկները կարող է պատվաստվեն, այլ բոլոր մարդիկ, որոնք հավաքական թիմի հետ կմեկնեն Տոկիո: Ավելի շատ ուշադրություն դարձվում է սպասարկող անձնակազմին և մեծ է հավանականությունը, որ նրանք անպայման կպատվաստվեն:

-Քանի՞ ուղեգրի ակնկալիք ունի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

-Այժմ ունենք վեց ուղեգիր: Կարծում եմ մոտավոր 12-14 մարզիկ կմասնակցի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Կունենանք մարզիկներ այն մարզաձևերից, որոնցից արդեն իսկ ունենք ուղեգրեր, ասել է թե՝ ըմբշամարտ, բռնցքամարտ և կլինի նաև ծանրամարտից: Մեզ համար կարևոր է Օլիմպիական խաղերին մասնակցել որակապես լավ թիմով: Մարզիկը, որն ինքն է վարկանիշ ձեռքբերում, ավելի մոտ է մեդալների համար պայքարին:

-Պարոն Ռոստոմյան, ՀԱՕԿ-ը որոշել է չօգտվել «Սպիտակ քարտ»-ից: Ինչո՞ւ:

-Մենք շատ երկար ենք մտածել այդ մասին: Տարիների ընթացքում մեր փորձը հաշվի առնելով և լրագրողների արձագանքը մեզ հանգեցրեց նրան, որ չօգտվենք «Սպիտակ քարտերից»: Մեր երկրին հաղթանակներ են պետք և մարզիկը, որը պարզապես «Սպիտակ քարտով» է մասնակցելու, չի ունենա հավանականություն լուրջ պայքար մղելու մեդալների համար: Կուզենայի, որ ընթերցողն իմանար, որ «Սպիտակ քարտ»-ին արժանանում են ամենաթույլ մարզիկները: Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք:

-Քանի՞ մեդալի ակնկալիք ունեք:

-Բոլոր այն մարզիկները, որոնք մինչ այս վարկանիշ են ձեռք բերել ու բոլոր նրանք, որոնք կնվաճեն, լինելու են մեդալի հավակնորդ: Չեմ կարծում, որ 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերից վատ արդյունք ունենանք: Եթե մեկ ոսկե մեդալ ունենանք, կլինի նաև երկուսը: Սակայն անուններ չեմ տա: Յուրաքանչյուրս մեր ոլորտում` սկսած մարզիկներից, վերջացրած մեզանով, պետք է հաղթանակի ձգտենք, որ կարողանանք վերականգնվել:

-Ի՞նչ է կրելու Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը:

-Այժմ մարզահագուստն Իսպանիայում պատրաստման փուլում է: Բացման արարողության հետ կապված դեռևս հստակ չէ: Բայց հայկական պատվիրակության գույները կլինեն ավանդական սպիտակի, կապույտի ու կարմիրի համադրությամբ:

-Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանն ունեցավ դոպինգի հետ կապված լուրջ խնդիրներ: Չե՞նք ունենա նման խնդիր այս խաղերին կամ առաջիկայում արդյոք:

-Մինչ այսօր այդ խնդիրների հետևանքներն ենք կրում: Դեռևս 2000-ական թվականներից դոպինգ-խնդիրներ կային: Սակայն խթանիչ միջոցների օգտագործումը միայն մեզ մոտ չէր: Նախորդ մի քանի տարիներին և այսօր էլ աշխարհի առաջնություններում առհասարակ նման խնդիր չենք ունեցել: ՀԱՕԿ-ը և Հայաստանի հակադոպինգային ծառայությունը սերտ համագործակցում են: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ տարիներ շարունակ լուրջ աշխատանք ենք տարել:

-Կորոնավիրուսի պանդեմիան ազդեցություն ունեցավ գրեթե բոլոր ոլորտների վրա: Ի՞նչ հետևանք ունեցավ և ունի այժմ այն սպորտում:

-Կորոնավիրուսի լրջագույն հետևանքները կտեսնենք մի քանի տարի անց: Այն կարծիքին եմ, որ մոտ մեկուկես տարի անիմաստ կորուստ ունեցանք` անհեռատես կառավարման պատճառով: Սպորտի ամենակարևոր խնդիրը անընդհատությունն ապահովելն է: Մոտ երկու տարի է սպորտդպրոցները չեն աշխատում: Սրա հետևանքները կրելու ենք առաջիկայում: Այս ամենից ելք համարում են այն, որ նախ պետք է իմի բերել ամեն ինչ` հասկանալու համար, թե ինչ ունենք: 3-4 տարի անց ազգային հավաքականները համալրելու լուրջ խնդիր ենք ունենալու:

«Երազանքի ճանապարհը` Տոկիո 2020»

Նախագծի հեղինակ Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում