1-4-րդ դասարաններում թվանշանային գնահատման համակարգի փոփոխությունը կդառնա սովորելը խթանող գործիք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրակրթության պետական չափորոշիչների համաձայն 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտների թվանշանային գնահատական չստանալը կնպաստի նրանց սովորելու, ճանաչելու հետաքրքրվածությունը պահպանելուն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և հավելեց, որ ներկայում գնահատման չափորոշիչները մշակող փորձագետներն առանձին մշակում են գնահատման ընթացակարգերը, որոնք պետք է փորձարկվեն։

«Մենք պետք է կարողանանք գնահատման մոտեցումը փոխել, որովհետև տարրական դասարաններն այն տարիքն են, երբ շատ կարևոր է երեխայի մոտ պահպանել սովորելու, ճանաչելու հետաքրքրվածությունը։ Գնահատման համակարգը պետք է օգնի, որպեսզի մենք երեխայի ճանաչողական այս հետաքրքրություններն ավելի զարգացնենք, ոչ թե փակենք»,- նշեց Անդրեասյանը և հավելեց, որ այժմ 1-ին դասարանցիները քանակական գնահատման համակարգով չեն գնահատվում, այլ տեղի է ունենում բնութագրային գնահատում։

Նրա խոսքով՝ տարբեր երկրների վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն քանակական գնահատաման համակարգը չի կարող բավարար լինել երեխաների սովորելու կարողությունները զարգացնելու և նրանց խթանելու համար։

Փոխնախարարն ընդգծեց, որ այսուհետև լինելու է ուսուցանող, ձևավորող գնահատման համակարգ։

«Ուսուցիչները տարրական դասարանների երեխաներին չեն գնահատելու պարզապես որևէ գնահատականով, նրանք, պետք է որակական գնահատում իրականացնեն, որպեսզի երեխան տեսնի և հասկանա իր սխալը։ Այսպիսով աշակերտները կիմանան, թե ինչի վրա է պետք աշխատել, գիտելիքներն ավելի բարելավելու համար։ Սա է գնահատման տարբերությունը։ Մի դեպքում ուսուցիչն ուղղակի գնահատում է, թողնում երեխային իր խնդիրների հետ միայնակ, և վերջինս պետք է գլխի ընկնի, թե որտեղ է սխալվել, ինչու է ցածր գնահատական ստացել։ Մյուս դեպքում գնահատականը կիրառվում է որպես երեխային բացատրելու, իր խնդիրը, ինչպես նաև հաջողությունը ցույց տալու համար»,- շեշտեց Անդրեասյանը։

Նա ասաց, որ տարրական դասարանում, երբ երեխան նոր է սկսում կրթական գործընթացին առնչվել, շատ կարևոր է որպեսզի ամեն ինչ կազմակերպվի այնպես, որ երեխայի մոտ չկորի սովորելու և կրթվելու ցանկությունը։ Անդրեասյանը շեշտեց, որ այդպիսով, երբ արդեն ավելի բարձր դասարաններում սկսվում է առարկայական ուսուցումը, բարդանում են թեմաները, երեխան կունենա բավարար գիտելիք և գիտակցում, թե ինչն ինչպես է անում և որտեղ ունի խնդիր, որը պետք է շտկի։

«Սա շատ կարևոր փոփոխություն է, որպեսզի մենք կարողանանք կրթական համակարգում տրամաբանությունը դարձնել այնպես, որ գնահատման համակարգը լինի ոչ թե երեխայի պատժի, այլ սովորելը խթանող գործիք։ Կարծում եմ, որ այս ոլորտում մեծ աշխատանք ունենք անելու»,- ընդգծեց Անդրեասյանը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն