Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և հետագա հաջողություններ մաղթել՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու ջանքերը կներդնի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել խորացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հարցերին: Նշվել է, որ թեև երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ կան մասնավորապես գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արտադրության, ֆինանսաբանկային, ինչպես նաև հումանիտար ոլորտներում: Երկուստեք կարևորվել է նաև Ղազախստանի հայ համայնքի դերը, ինչպես նաև գործարար և մշակութային շփումների ակտիվացումը:

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին ընդգծել է, որ պատրաստ է անել առավելագույնը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ամրապնդելու համար: Նա նշել է, որ անգամ համավարակի և միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում է նկատվում, և վստահություն է հայտնել, որ այդ միտումները կշարունակվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում