Պաշտոնական

 Նախագահն Անն Լինդեի հետ հանդիպմանը բարձրացրել է ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցերը

2 րոպեի ընթերցում

 Նախագահն Անն Լինդեի հետ հանդիպմանը բարձրացրել է ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 16-ին ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը և նշել, որ Շվեդիան, որի հետ մեր երկիրն ունի դինամիկ զարգացող հարաբերություններ, ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Հայաստանի համար կարևոր և դժվարին ժամանակներում:

Նախագահն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, դրա հետևանքներին, ստեղծված իրավիճակին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում քննարկվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ:

Նշելով, որ տարածաշրջանի ներկայիս վիճակը գտնվում է ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերը խաղաղության հաստատման և երկարաժամկետ ու կայուն լուծում գտնելու ուղղությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքները` անազատության մեջ պահելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցի լուծման գործում:

Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, ինչպես նաև հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների օրակարգին, նշել, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ՝ կարևորելով դրա լիարժեք իրացումը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում