Պաշտոնական

ՀՀ նախագահը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը գերիների, անհետ կորած անձանց խնդիրների հարցում

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը գերիների, անհետ կորած անձանց խնդիրների հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ՝ էստոնական կողմի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էստոնիայի նախագահը հետաքրքրվել է նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակով և լիարժեք ապաքինում մաղթել:

Նախագահներ Սարգսյանը և Կալյուլայդը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ, ինչպես նաև խոսել են երկու երկրներում համավարակային իրավիճակի, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված իրողություններին, ի հայտ եկած նոր մարտահրավերներին, մարդասիրական և մի շարք այլ խնդիրների: Նախագահ Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերման խնդիրները՝ ընդգծելով, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցերի լուծման գործում: Միաժամանակ, նախագահ Արմեն Սարգսյանն իր մտահոգությունն է արտահայտել պատերազմական և հետպատերազմական շրջանում Եվրամիության և Հյուսիս-ատլանտյան դաշինքի դիրքորոշման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում