Նախագահ Սարգսյանը «Ազգ»-ի գլխավոր խմբագրին շնորհավորել է թերթի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 16-ին հեռախոսազրույց է ունեցել «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ նախագահը շնորհավորել է «Ազգ»-ի գլխավոր խմբագրին և խմբագրության աշխատակիցներին թերթի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ:
Նշելով, որ «Ազգ»-ը նորանկախ Հայաստանի Հանրապետության մամուլի ընտանիքի առաջատարներից էր հիմնադրման օրվանից՝ նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 30 տարի առաջ իր այցելությունը «Ազգ» թերթի խմբագրատուն:
Հանրապետության նախագահն իր բարեմաղթանքները հղելով պարբերականի 30-ամյակի առթիվ՝ վստահություն է հայտնել, որ, հակառակ օրվա դժվարություններին, «Ազգ»-ը շարունակելու է մնալ արդի հայ մամուլի հիմնասյունը: