Արցախ

Արայիկ Հարությունյանը բնակարանաշինության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը բնակարանաշինության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային շինարարությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իրականացվող բնակարանաշինության և անօթևան քաղաքացիների տեղավորման աշխատանքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարները: Կառուցվող բնակարանների կահավորման մասին տեղեկությունները ներկայացրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ չնայած Հանրապետության ողջ տարածքում իրականացվող մեծ ծավալի շինարարական աշխատանքներին, այնուամենայնիվ, արդյունքը գոհացուցիչ չէ: «Այս պահին մենք, ընդհանուր առմամբ, ֆինանսական խնդիր չունենք բնակարանաշինության հարցում: Մյուս կողմից մեր աշխատանքի տեմպից է կախված անօթևան մնացած մեր քաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը: Ավելացրե՛ք բնակարանաշինության ծավալները: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական»,- ասել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը նաև տվել է մի շարք հանձնարարականներ գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում