Քաղաքականություն

Գուրգեն Արսենյանն առաջնահերթություն է համարում հասարակության շրջանում կայունության ապահովումը

3 րոպեի ընթերցում

Գուրգեն Արսենյանն առաջնահերթություն է համարում հասարակության շրջանում կայունության ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում Հայաստանի առջև ծառացած առաջնահերթ խնդիրը հասարակության շրջանում կայունության ապահովումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հրավիրված մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը՝ նշելով, որ, կարծես, երկրի ներսում շարունակվում է պատերազմի սառը փուլը:

«Հայաստանում հասարակության դեմ իրականացվում է խառնակչական հստակ օպերացիա: Տարբեր հարթակներում շրջանառվող դիտարկումներն այն մասին, թե տեսեք՝ վաղը կամ մյուս օրն ինչ է լինելու, դա պարզապես մարդկանց պոկում է իրենց երկրից: Բնակչության մեծամասնությանն այդպիսի դիտարկումներով պահում են վախի մեջ: Պատերազմի տաք փուլն ավարտվել է, ու կարծես, Հայաստանի ներսում շարունակվում է պատերազմի սառը փուլը, ու դա հիմնականում ներսից»,-ասաց Գուրգեն Արսենյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է հստակ ձևակերպել, թե որն է Հայաստանի պետական շահը և ինչ գործիքակազմով կարող ենք այն սպասարկել: Գուրգեն Արսենյանը կատեց, որ այստեղ անելիք ունի յուրաքանչյուրը: Ինչպես զինվորն է պաշտպանում իր երկրին ու հասարակությանը, այնպես էլ քաղաքական համակարգի խնդիրը պետք է լինի պաշտպանել իր ժողովրդին:

«Հակառակ պարագայում, այս միտումները շարունակելով, մարդիկ, սահմանները բացվելուն պես կգնան, իսկ մեր ամենամեծ հարստությունն այն մարդիկ են, որոնք ապրում են Հայաստանում: Այդ մարդկանց համար պետք է պայքարել, որ հուսահատ լինելով, անզորությունից չգնան Հայաստանից»,-ասաց Գուրգեն Արսենյանը:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով, Հայաստանը գտնվում է շատ բարդ քաղաքական իրավիճակում: Ըստ նրա՝ աշխարհում տեղի են ունենում խորքային գործընթացներ, և Հայաստանը պարզապես հայտնվել է դրանց կիզակետում:

«Արցախյան հարցի հետ կապված դիվանագիտական վրիպումներ եղել են և ես շատ եմ այդ մասին բարձրաձայնել, սակայն միայն դրա վրա կենտրոնանալ ու ասել, որ դիվանագիտությունն այսպես չարեց, դրա համար այսպես եղավ, համաձայն չեմ: Այստեղ եղան ուժային երևույթներ… մենք անընդհատ ասում ենք, թե չբանակցեցինք, բայց չէ՞ որ Ալիևն անընդհատ ասում էր՝ ինչ բանակցության մասին է խոսքը, մենք զենքի ուժով կլուծենք: Այնպես, որ պետք է օբյեկտիվ մոտենանք այդ հարցերին: Բացի դրանից, մենք տեսանք Թուրքիայի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանի գործողություններին, մյուս կողմից Ռուսաստան- Թուրքիա հարաբերությունները, միջազգային ուժերի դասավորությունը: Մենք գտնվում ենք շատ բարդ քաղաքական իրավիճակում»,-հավելեց Արման Նավասարդյանը: Նրա խոսքով, պատերազմն իր հետ բերեց բարոյահոգեբանական բարդ իրավիճակ հասարակության համար: Պետք է սթափվել, փնտրել հնարավորություններ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում