Քաղաքականություն

Դուք չկարողացաք ձևավորել առաջարկ ՀՀ քաղաքացու համար. ԱԺ փոխնախագահը՝ ընդդիմությանը

3 րոպեի ընթերցում

Դուք չկարողացաք ձևավորել առաջարկ ՀՀ քաղաքացու համար. ԱԺ փոխնախագահը՝ ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանն ԱԺ ամբիոնից ելույթներով հեռակա բանավիճեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախ ԲՀԿ-ից Արման Աբովյանն իր ելույթով արձագանքեց «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանի՝ ավելի վաղ ԱԺ ամբիոնից արած արտահայտությանը, թե ամեն ինչ վերջացել է:

Աբովյանը ասաց, թե վատ լուր ունի իշխանության համար. չի վերջացել և չի վերջանալու, մինչև ժողովուրդն իր մեջքը չուղղի:«Հետո, ես չեմ հասկանում, թե ինչի՞ց է այդ եզրակացությունը, որ վերջացավ: Ի՞նչն է ձեզ թույլ տալիս՝ փայփայելու այդ հույսը, թե վերջացավ»,-ասաց պատգամավորն ու հարց ուղղեց՝ Արցախի 75 տոկո՞սն է վերադարձվել:

Ալեն Սիմոնյանն իր ելույթով արձագանքեց. «Ասեմ ձեզ, թե ինչն է վերջացել: Վերջացել է այն, որ դուք չկարողացաք ձևավորել առաջարկ՝ ՀՀ քաղաքացու համար, որքան էլ մենք վատը լինենք, սխալված լինենք, այնուամենայնիվ, մարդիկ կարծում են, որ այն ուժերը, որոնք այսօր առաջարկ են ներկայացնում Հրապարակում, մեզնից վատն են: Այնպես որ, երբ որ մեր մասին վատ բաներ եք ասում, մտածեք, պատկերացրեք՝ ձեր առաջարկն ինչքան վատն է, որ այդքան ասելուց հետո, այնուամենայնիվ, չի ստացվում քաղաքացու համար առաջարկ ներկայացնել»:

Սիմոնյանի խոսքով՝ իշխանությունը քաղաքացիների հետ ազնիվ է եղել, քաղաքացիներն են իրենց ընտրել: ԱԺ փոխնախագահն ընդունեց, որ շատ-շատերը իշխանության շատ սխալների պատճառով, միգուցե, հիասթափված են: «Մենք նրանց հետ կխոսենք, նրանք մեզ կդատեն, կբերեն այս սրահ կամ չեն բերի: Բայց դուք այդ հարաբերությունների հետ, ինչպես անցյալում կապ չեք ունեցել, ապագայում էլ կապ չեք ունենալու»,-նշեց նա:

Սիմոնյանն ավելի վաղ դիմելով ընդդիմադիր իր գործընկերներին, մասնավորապես ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանին ու Արման Աբովյանին, հորդորել էր ավելի զուսպ լինել իրենց ելույթներում: «Այն 2-3 ամիսը, որում դուք այստեղ ձեզ թույլ էիք տալիս, թե տեղից բղավել, թե նկատողություններ անել, ամենակտրուկ ձևով արձագանքել՝ փորձելով ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, անցել է, վերջացավ, եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտեսնեք, որ վերջացավ»,-ասել էր Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում