Քաղաքականություն

Աննա Գրիգորյանը չի սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, քաղաքական շարժման

3 րոպեի ընթերցում

Աննա Գրիգորյանը չի սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, քաղաքական շարժման
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նոր պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, ցանկանում է երկրում տեսնել միջանկյալ՝ տեխնոկրատների կառավարություն, սակայն այս պահին չի տեսնում այնպիսի մարդկանց, որոնք կարող են այդ կառավարությունը ձևավորել, չի սատարում ներկայում գործող որևէ քաղաքական ուժի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ քաղաքական օրակարգով է եկել խորհրդարան՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ պատերազմում պարտված իշխանությունն անխուսափելիորեն պետք է հեռանա: Կարծում եմ, որ հնարավոր չէ այսօր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ լարված է իրավիճակը, և հնարավոր են քաղաքացիական բախումներ, այդ առումով կարծում եմ, դեռ պետք է խուսափել արտահերթ ընտրություններ կազմակերպելուց»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը կարծում է, որ անցումային կառավարության ձևավորումն այս պահին լավագույն տարբերակը կարող է լինել: Սակայն Գրիգորյանը սխալ է համարում այն մոտեցումը, որ երբ անհատը ցանկանում է, որ իշխանությունը հեռանա, միանգամից նրան համարում են Վազգեն Մանուկյանի կողմնակից:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է «Հայրենիքի փրկության շարժման» քաղաքական օրակարգը՝ Գրիգորյան ասաց. «Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, որևէ քաղաքական շարժման: Առավել ևս, որ ես չեմ տեսնում, որ լինեն հստակ զրույցներ՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ, լինի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ կլինի, թե մեկ տարի հետո մենք որտեղ ենք հայտնվելու: Հետևաբար` ես այդ առումով չեմ կարող սատարել որևէ քաղաքական ուժի և անհատի»,-ասաց պատգամավորը:

Նա հստակեցրեց՝ միջանկյալ կառավարություն ասելով ի նկատի ունի տեխնոկրատների կառավարություն, մարդիկ, որոնք լավ գիտեն իրենց գործը, սակայն նա անհատների անուններ չնշեց, քանի որ այս պահին չի տեսնում այդպիսի մարդկանց:

«Հայկական օրակարգն այս պահին գերիների վերադարձն է իհարկե, Արցախի կարգավիճակը հարցը, Հայաստանի սահմանների անվտանգությունը, մասնավորապես Սյունիքի անվտանգությունը, որն ինձ համար խիստ էական է»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը կարծում է, որ այս առումով հունվարի 11-ի բանակցությունները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ-ի շահերը: Ըստ նրա՝ իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու և ռեալ արդյունքներ արձանագրելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում