Քաղաքականություն

Աննա Գրիգորյանը չի ժխտում, որ ընտրություններում հավաքած ձայների համար կարևոր է եղել Փաշինյանի դերը

2 րոպեի ընթերցում

Աննա Գրիգորյանը չի ժխտում, որ ընտրություններում հավաքած ձայների համար կարևոր է եղել Փաշինյանի դերը
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նոր պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, չի ժխտում, որ Նիկոլ Փաշինյանի դերն ու նշանակությունը ընտրություններում հավաքած ձայների մասով կարևոր են եղել, սակայն շեշտում է, որ ձայների զգալի մասն իրեն տրվել է որպես անհատի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով խմբակցությունից դուրս գալու իր որոշմանը:

«Ես որոշումս կայացնելուց առաջ քննարկում եմ ունեցել և քաղաքական թիմի հետ, և խմբակցության ղեկավարի հետ: Եվ կար ընդհանուր ըմբռնում իմ մոտիվների և այն պատճառաբանության շուրջ, որի համար կայացրել եմ այդ որոշումը: Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի դերն ու նշանակությունն ընտրություններում հավաքած ձայների մասով կարևոր են եղել, ես դա չեմ կարող ժխտել, բայց միևնույն ժամանակ պետք է փաստեմ, որ հավաքած ձայների զգալի մասը տրվել է ինձ որպես անհատի և այն թիմի, որի ներկայացուցիչը եղել եմ ես»,-ասաց Գրիգորյանն ու հիշեցրեց, որ մեծամասնականով է ընտրել, հավաքել է առավել քան 5500 ձայն:

Նա ասաց, որ ԱԺ-ում է՝ սյունեցիների և վայոցձորցիների քվեարկության արդյունքում: Պատգամավորի խոսքով՝ իրեն ճանաչում են, ճանաչում են նաև այն մարդկանց, ում հետ քարոզարշավ է իրականացրել:

Աննա Գրիգորյանը պատգամավորական մանդատը երդմամբ ստանձնել է ԱԺ հունվարի 18-ի նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում