Հասարակական

Ռոմանոս Պետրոսյանը տեսնում է ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը փոխելու անհրաժեշտություն

4 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը տեսնում է ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը փոխելու անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն աշխատանքային այցով ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ են այցելել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտի կարգավիճակի և գործունեության հետագա ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում է անցկացրել։ ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը Շրջակա միջավայրի նախարարության երեք առաջնային ու կարևորագույն խնդիրներից է, որոնց պետք է 2021 թվականի ընթացքում լուծում տալ։

Օրենքի փոփոխության նախագծից ակնկալվում է նախևառաջ նոր որակի ՇՄԱԳ ինստիտուտի կայացում և ՇՄԱԳ-ի մասին հանրային ընկալումների փոփոխություն։

«Մենք պետք է ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը փոխենք։ Այն, ինչ այսօր կա, չի բավարարում արդի տնտեսվարողների, բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին,-նշել է նախարարը և հույս հայտնել, որ հանդիպմանը ներկա փորձագետներին նույնպես չի բավարարում իրենց տրված եզրակացությունների որակական հիմնավորվածության բովանդակային մասը,- սա պետության խնդիրն է, որին պետք է շատ մոտ ապագայում լուծում տալ»։

Եթե նախկին կառավարման շրջանակներում գործել են այլ խաղի կանոններ և եղել են արտաբյուջետային ու ստվերային գործարքներ, այսօր նման երևույթները տեղ չունեն մեր իրականության մեջ։ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ֆինանսական հոսքերի մեխանիզմներով ու հզոր կարողություններով օժտված։

Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է՝

.ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից,

.հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին,

.ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը,

.օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին,

.հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը և այլն։

Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ։

ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, հուզող հարցերը, աշխատանքի ընթացքում հանդիպած իրավիճակային դրվագները և ընթացակարգային բացերը։

Նախարարը խնդրել է գործընկերներին հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության տեսակավորել՝ օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խմբի հետ դրանք քննարկելու նպատակով։ Աշխատանքային խմբում ներգրավվելու են տեղական և միջազգային փորձագետներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնապահպաններ։ Արդյունքում պետք է ստացվի համապարփակ պրոդուկտ, կարգավիճակ ունեցող ինստիտուտ, որի փորձագետի եզրակացությունը կդառնա պետության կողմից կնիք՝ բարձր հեղինակություն ունեցող և անբեկանելի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում