Հասարակական

Ավետիսյանների սպանությունից վեց տարի անց հարազատները պահանջում են գործի վերաբացում

2 րոպեի ընթերցում

Ավետիսյանների սպանությունից վեց տարի անց հարազատները պահանջում են գործի վերաբացում

ԳՅՈՒՄՐԻ,12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում վեց տարի սպանված Ավետիսյանների ժառանգները պահանջում են քրեական գործի վերաբացում, խնդրում ֆինանսական աջակցություն՝ բնակարանի վերանորոգման եւ քննությունը ՄԻԵԴ տեղափոխելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ժառանգները՝ Լուսինե Ավետիսյանն ու Անահիտ Կոշտոյանը։

Ավետիսյանների դուստրերը կայացված դատավճիռը համարում են ոչ հավաստի: «Ես ուզում եմ գործը վերաբացել: Ուղղակի հնարավորություն չունեմ Եվրոպա գնալու և Եվրադատարան հասնելու: Մենք համոզված չենք, թե արդյոք գործը Եվրադատարանում է: Փաստաբաններն ասում են՝ հասել է: Դե, թող մի թուղթ ցույց տան, տեսնենք՝ ո՞ր վարույթում է գործը: Չկա նման բան»,-ասաց Լուսինե Ավետիսյանը: Ժառանգները բարերարներից էլ խնդրում են վերանորոգել հայրական տունը: «Ֆինանսական հնարավորություն ունենայինք, մենք կանեինք, բայց ես իմ ապրած տունը չեմ կարող նորոգեմ, 3 երեխա ունեմ, հազիվ եմ նրանց պահում, ես կարո՞ղ եմ այս տունը նորոգել, որ մեր երեխեքի ձեռքը բռնած կարողանանք մտնել մեր հայրական տուն»,-ավելացրին ժառանգները։

2015 թվականի հունվարի 12-ին Մյասնիկյան 188 տանը սպանվեցին գյումրեցի Ավետիսյանները՝ 7 անձ: Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ սպանությունն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց: Վալերի Պերմյակովը մեղադրվեց ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (նախատեսում է ցմահ ազատազրկում), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ազատազրկում 10 տարի ժամկետով) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով (ազատազրկում 2 տարի ժամկետով):

Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը պատիժը կրում է ՌԴ Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում։
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում