Արցախ

Արայիկ Հարությունյանը հայտնել է, թե երբ պատրաստ կլինի հրաժարական տալ

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հայտնել է, թե երբ պատրաստ կլինի հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական ներկայացնել հանրապետության նախագահի պաշտոնից առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արայիկ Հարությունյանը նշել է դեկտեմբերի 16-ին հղված ուղերձում:

«Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ: Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում: Ընդգծեմ, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու եմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ: Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ: Մնացած մարմինների կողմից ընդունվող վերաբերելի իրավական ակտերի մասով եզրակացություններ տալու համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ. Անվտանգության խորհրդի կազմը կընդլայնվի, որում ընդգրկված կլինեն ոչ միայն կոնկրետ լիազոր պաշտոնատար անձինք, այլ նաև հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ»,-մանրամասնել է Արցախի նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում