Հասարակական

Արսեն Թորոսյանը արցախցիներին խոստանում է որակյալ բժշկական օգնություն Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը արցախցիներին խոստանում է որակյալ բժշկական օգնություն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում: Առաջիկայում կսահմանվեն մեխանիզմներ, որով կամրագրվի Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու իրավունքը: Այն հիմք կծառայի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կազմակերպվի նաև ստացիոնար բուժումը` մի շարք ծառայությունների մասով:

Նախարարը կարևորել է, որ արցախցի երեխաները դուրս չմնան իմունականխարգելման գործընթացից և այդ առնչությամբ նշել է, որ արդեն իսկ ծրագրի ղեկավարին հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ հարցի կարգավորման նպատակով: Աշխատանքներ են տարվում նաև պետական ծրագրերով տրամադրվող դեղերը շահառուներին անխափան հատկացնելու ուղղությամբ:

Նախարարները քննարկել են նաև ապագայում Արցախում վերաբնակեցմանը նպաստող առողջապահական մի շարք ծրագրեր:

Միքայել Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և մասնավորապես Արսեն Թորոսյանին` մշտապես արցախի ժողովրդին աջակցելու և հատկապես պատերազմական այս ծանր օրերին բժշկական օգնության կազմակերպման գործում անհրաժեշտ լուծումներ տալու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում