Պաշտոնական

ՀՀ նախագահը նախաձեռնում է քաղաքական խորհրդակցություններ. հայտարարություն

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը նախաձեռնում է քաղաքական խորհրդակցություններ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է հրապարակել` նշելով, որ նախաձեռնում է քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարությունը.

«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։

Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է։ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին և իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել ևս որևէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների և քննարկումների առարկա։

Ընդգծում եմ, որ Արցախի, հետևաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։

Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն, անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։

Որպես Հանրապետության նախագահ, ազգապահպանության կարևորագույն այս պահին համազգային միասնության ձևավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը։ Հուսով եմ, որ տասնօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձևավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում