Արցախ

Պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից և կպատժվեն օրենքով. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից և կպատժվեն օրենքով. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից, նրանց նկատմամբ կիրառվելու են օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ: Միևնույն ժամանակ Արցախի նախագահը հայտարարել է, որ պատրաստակամ է ևս մեկ անգաքմ հնարավորություն տալ բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց արարքի ամբողջ ծանրությունը և կլծվեն հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու գործին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»:

Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի օգտատեր Զարինե Սառաջյանը, բաց նամակ էր հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկի Հարությունյանին: Նա նշել էր, որ այս օրերին, երբ մեր զինված ուժերն ու կամավորական ջոկատները կենաց մահու պայքար են մղում թուրք-ադրբեջանական ուժերի և Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի կողմից տարբեր «թեժ կետերից» բերված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դեմ, որոշ պետական պաշտոնյաներ, արժանապատվության կորստի գնով, սեփական մաշկը փրկելու անհագ ցանկությամբ տոգորված, գտնվում են ՀՀ-ում՝ ակնհայտորեն խուսափելով հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց: Նա հավելել էր, որ որպես առաջնագծում երկրի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող զինվորականի կին՝ առաջարկում է պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաներին և զինապարտներին ազատել աշխատանքից:

Եզրափակելով նամակը Զարինե Սառաջյանը հավելել էր, որ սպասում է իշխանությունների ամենակոշտ գործելաոճին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Արցախի նախագահն ուսումնասիրում է նամակը և կարձագանքի դրան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում