Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի քաղաքացիական բնակչությունն Ադրբեջանի հիմնական թիրախն է, և Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ չնայած խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու համար ձեռք բերված պայմանավորվածությանը, վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է ռմբակոծությունները Շուշիում և Ստեփանակերտում:

«Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, և Արցախի քաղաքացիական բնակչությունը նրա հիմնական թշնամին ու թիրախն է»,- գրել է վարչապետը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 30-ի հանդիպման ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու շուրջ ձեռք բերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից հետո հոկտեմբերի 31-ի լուսաբացին Արցախի մայրաքաղաքը կրկին արթնացել է թշնամու հրթիռների ձայներից: Ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վայրկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է եղել ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Հակառակորդը հրթիռակոծել է նաև Շուշին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում