Հունաստանի հայերը դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային՝ փակելով հույն-թուրքական անցակետը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողությունների: Նրանք հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան Ալեքսանդրուպոլիս քաղաքի կենտրոնից ավտոշարասյունով շարժվել են հույն-թուրքական անցակետ, հետո քայլերթով փակել այն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայերն ու նրանց աջակցող օտարազգիները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ»:
Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել. «Արցախն ուժեղ է», «Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է», «Խաղաղություն Արցախում»:
Աշխարասփյուռ հայությունը արցախա-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո մոբիլիզացվում և նախաձեռնում է աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Օրեր առաջ հայերը փակել էին Եվրոպայի միջպետական նշանակության տարբեր ավտոմայրուղիներ: