Ղարաբաղյան հիմնահարց

Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը

3 րոպեի ընթերցում

Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը դրական է գնահատում միջազգային հանրության և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Կարծում եմ, եթե այս անգամ հակառակորդը չհարգի միջազգային ջանքերը և կրկին խախտի հրադադարի ռեժիմը, ապա 3-րդ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները շատ ավելի կոշտ և լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը: Սա մարտահրավեր է միջազգային հանրությանը և չեմ կարծում, որ երրորդ անգամ որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը»,- նշեց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ իր խորին համոզմամբ,եթե միջազգային հանրության ջանքերը ժամանակին ավելի կոշտ լինեին, գուցե նման իրավիճակ չստեղծվեր: Բաբայանը շեշտեց, որ կային կազմակերպություններ, որոնք պարտավոր էին ավելի օպերատիվ ու կոշտ ձևով արձագանքել:

«Մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ: Խաղաղության և մեր անվտանգության ամենակարևոր գրավականը ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելը»,- ասաց ԱՀ նախագահի խորհրդականը:

Բաբայանի խոսքով՝ Արցախը պինդ է, կանգուն է անկախ ամեն ինչից: ԱՀ նախագահի խորհրդականը հույս հայտնեց, որ այս զինադադարն իր նպատակին կհասնի, սակայն, անկախ ամեն ինչից, իրենք շատ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն:

«Բանակը, մեր զինված ուժերը շարունակելու են իրենց պատմական և հերոսական առաքելությունը մեր ժողովրդին ու պետականությունը պահպանելու ուղղությամբ»,- ասաց Բաբայանը:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։

Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր: Վաղ առավոտյան հակառակորդը հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում