Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 745 նոր դեպք, առողջացել է 427 քաղաքացի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57 566 դեպք, որոնցից 46 318-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 908 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2 114 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 329 277 թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 745 նոր դեպք և 427 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1 032 (ավելացել է ևս 6-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 58, 61, 61, 81 տարեկան կանայք և 65, 73 տարեկան տղամարդիկ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է մահվան ևս 2 նոր դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան