Նախագահը շփման գծում պատերազմի առնչությամբ նամակ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր, Զույգ Սրբավայրերի Պահապան Սալման բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նամակներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները՝ նշելով, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է նաև քաղաքացիական բնակչությանը:

«Ցավոք, Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումն Արցախի և Հայաստանի դեմ նոր երևույթ չէ. ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական միջոցներով և արմատախիլ անել հայ բնակչությանը սեփական հայրենիքից»,- նշել է Հանրապետության նախագահը:

Վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով և նմանօրինակ փորձ է արել հուլիսին: Դժբախտաբար, այս կանխատեսելի զարգացումը չի կանխվել կամ խոչընդոտվել միջազգային հանրության կողմից: Վերջին հարձակումը ոչ միայն զրոյացրել է խաղաղության շուրջ տարվող բանակցությունները, մեծապես վնասել խաղաղության ողջ գործընթացը, այլև մեծ սպառնալիք է դարձել ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնել այս օրերին Թուրքիայի ղեկավարության հռետորաբանության առնչությամբ՝ ընդգծելով, որ թուրքական կողմը փորձում է հակամարտությունն օգտագործել սեփական շահերն առաջ տանելու նպատակով:

Հայաստանի նախագահը դիմել է Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին՝ խնդրելով օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

«Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հայերեն العربية

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ