ՀՀ նախագահն Ադրբեջանի հրահրած պատերազմի առնչությամբ նամակ է հղել Հորդանանի թագավորին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ցավով և մեծ դժգոհությամբ պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Մինչ ես գրում եմ այս նամակը, երկու կողմերում էլ տասնյակ քաղաքացիական անձինք և զինվորականներ արդեն սպանվել են կամ վիրավորվել»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով:
Հանրապետության նախագահը դիմել է Հորդանանի թագավորին՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անմիջապես դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները: