ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը
3 րոպեի ընթերցում
![ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027927.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ԿԳՄՍ նախարարիհետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծն ԱԺ նիստում ստացավ 35 կողմ, 84 դեմ ձայներ:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու նախարարը չի եկել քվեարկությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել: «Եվ ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած դեպքում նախարարին այս սեպտեմբերյան օրերին գործից կտրելն իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար»,-ասաց Միրզոյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ը հայտնել էր՝ միանում են ԼՀԿ-ի առաջարկին:
ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը քվեարկությունից առաջ շեշտեց՝ «Բարգավաճ Հայաստան»-ը բացարձակ անհարիր է համարում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ավարտական հատվածը, ինչպես նաև դրան հաջորդած գնահատականները՝ թե գրառումների, թե մնացած գնահատականների մասով: «Մենք վերահաստատում ենք, որ Հարությունյանի պաշտոնավորման նպատակահարմարությունը չենք տեսնում»,-նշեց նա՝ բերելով իրենց հիմնավորումները:
«Իմ քայլը»-ից Լիլիթ Մակունցը շեշտեց. «Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին, որը ընդհանրապես որևէ բարեկրթության սահման և նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն»:
«Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը սեպտեմբերի 16-ի ԱԺ նիստում պատասխանել էր հենց նախարարը: Հարությունյանը, մասնավորապես, նշել էր,որնախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար:
Նախարար Արայիկ Հարությունյանի՝ հարցապնդմանն իր պատասխան ելույթում հնչեցված մտքերը վիրավորել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին, նրանք բոյկոտել էին կառավարության հետ հարց ու պատասխանը: Նախարարը, մասնավորապես, խոսելով կրթության նոր չափորոշիչներից, ասել էր. «Ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն, այ դա է սովորեցնելու սա»:
Աննա Գրիգորյան