Տնտեսություն

Նախաձեռնված բարեփոխումները դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․ Սուրեն Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Նախաձեռնված բարեփոխումները դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․ Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 15-ին շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակիցներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհակալության է հայտնել նրանց նախարարությանն աջակցելու և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի, ստորերկրյա ջրերի շահագործելի և կանխատեսումային պաշարների, ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների, մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում համագործակցելու համար։

«Շատ եմ կարևորում մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի մեր գործընկերների համագործակցությունը։ Այն բարեփոխումների շղթան, որը նախաձեռնել ենք լեռնամետալուրգիայի, հանքարդյունաբերության ոլորտում, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության»,- իր խոսքում նշել է Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել այդ կապը վերագտնելու համար։

Ոլորտը համակարգող փոխնախարար Լիլիա Շուշանյանն իր հերթին հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, նշելով, որ թեպետ այսօրվա շնորհակալագրերը միգուցե փոքր քայլ է կատարված և կատարվելիք հսկայական աշխատանքի դիմաց, բայց այս ճանապարհով նախարարությունը ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ձևաչափին, ինչպես նաև նախարարությունը երիտասարդ մասնագետներով համալրելուն վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում