Քաղաքականություն

Աշխարհազորի ստեղծման օրենսդրական փաթեթը սպասված և կարևոր է. պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Աշխարհազորի ստեղծման օրենսդրական փաթեթը սպասված և կարևոր է. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը սպասված և կարևոր է համարում աշխարհազորի ստեղծման օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովսեփյանն ասաց սեպտեմբերի 11-ին անցկացված առցանց քննարկման ընթացքում:

«Այս փաթեթի Ազգային ժողով գալուն սպասում եմ օր առաջ, որովհետև համարում եմ այս մեկուկես տարիների ընթացքում այն կարևոր փաթեթներից մեկը, որին ես պետք է կողմ քվեարկեմ»,- ասաց Հովսեփյանը:

Անդրադառնալով փաթեթի կարևորությանը՝ պատգամավորը նշեց, որ դրա անհրաժեշտությունը զգացվեց հատկապես 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված Ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ քաղաքացիներից շատերը ցանկություն հայտնեցին կամավոր մեկնել առաջնագիծ:

«Երբ մենք չենք ավարտել պատերազմը, Արցախի հարցը բանակցային փուլում է, ունենք թշնամի, որը բացարձակ ոչ մի արժեք հաշվի չի առնում, յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք, թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, որոնք դրա ցանկությունն ունեն, անհրաժեշտության դեպքում առաջնագծում զինվորի կողքին կանգնելու: Այս առումով սա համարում եմ ուշացած նախագիծ, որովհետև սա միշտ պետք է լիներ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ երկրի անվտանգության թիվ մեկ գրավականներից մեկը մարտունակ թիկունք ունենալն է:

Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում