Հայաստանում ատոմային ոլորտի հոբելյանը կնշվի նաև «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» մրցույթով
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում սկսվել է ատոմային ոլորտի 75-ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթի համար աշխատանքների ընդունումը: Կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորպորացիան ու Հայկական ԱԷԿ-ը՝ համագործակցությամբ ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների, ինչպես նաև Երևանում ու Գյումրիում գիտության ու մշակույթի Ռուսասաստանյան կենտրոնները:
«Այս տարի ատոմային ճյուղը նշում է իր 75-ամյա հոբելյանը, միևնույն ժամանակ գտնվելով ակտիվ զարգացման փուլում: Սա ծայրաստիճան բարձրտեխնոլոգոիական ճյուղ է, որը ձգտում է մշտական և արագ աճի: Միջուկային տեխնոլոգիաները դարձել են գեներացման հուսալի աղբյուրներ, նպաստում են գիտական հետազոտությունների և նոր հայտնագործությունների՝ բազմաթիվ ոլորտներում. արդյունաբերություն, բժշկություն, գյուղատնտեսություն, տիեզերքի նվաճում: Պրոֆեսիոնալների փորձի ու երիտասարդ սերնդի նախաձեռնողականության համադրումը կօգնի ոչ միայն ատոմային արդյունաբերության, այլև ամբողջ երկրի զարգացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ԲԲԸ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Գորնը:
Մրցույթի մասնակիցները պետք է կարողանան ի ցույց դնել ատոմային տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իրենց երևակայությունն ու տեսլականը: Հավանաբար ոմանք ունեն Հայկական ԱԷԿ-ում աշխատող բարեկամներ կամ մտերիմներ, կամ ոմանց մոտ արդեն իսկ ձևավորվել են մարդկանց կյանքում խաղաղ ատոմի կիրառման մասին սեփական պատկերացումները:
««Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» մրցույթը կօգնի երիտասարդ սերնդի շրջանում խելամիտ վերաբերմունք ձևավորել ատոմային տեխնոլոգիաների նկատմամբ: Հայաստանի համար դա առավել արդիական է, քանի որ ամբողջ երկրի էլեկտրաէներգիայի մեկ երրորդն արտադրվում է ատոմակայանում, և հենց դա հիմք հանդիսանում մեր տնտեսության զարգացման համար: Խիստ անհրաժեշտ է, որ մեր երեխաներն ու երիտասարդությունը գիտակցեն ատոմային էներգետիկայի և միջուկային տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի համար ու տեսնեն իրենց համար այդ ոլորտներում կրթության ու մասնագիտական զարգացման հնարավորություններ: Մենք վստահ ենք, որ գիտության ու տեխնոլոգիաների ժամանակակից ու մատչելի ձևով հանրայնացումը Հայաստանի գիտական ներուժի հաջող զարգացման գրավականն է»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արկադի Պապոյանը:
Մրցութային աշխատանքը կարելի է կատարել գեղարվեստական ցանկացած նյութով կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցույթի ժյուրին կգնահատի գաղափարի յուրօրինակությունը, կատարման վարպետությունը, երևակայությունը, ինչպես նաև՝ թեմայի ամբողջական ներկայացումը: Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են Հայաստանի բոլոր երեխաներն ու երիտասարդները, մասնակցել կարող են 6-ից 31 տարեկան անձինք:
«Հարգելի մասնակիցներ, Ձեր աշխատանքներում հնարավորինս ազատություն տվեք երևակայությանն ու պատկերացումներին: Այդ դեպքում Ձեր երազանքները իրականություն կդառնան: Հիշեք՝ խաղաղ ատոմը ապագայի անցաթուղթն է: Իսկ մարդկության ապագան դա ամբողջ տիեզերքն է»,-մրցույթի մասնակիցներին ստեղծագործական երևակայություն ցուցաբերելու կոչ է արել ժյուրիի անդամներից Հայաստանի վաստակավոր նկարիչ, հայկական 50 հազար դրամանոցի, հուշամեդալների և շքանշանների էսքիզների հեղինակ Ռուբեն Արուտչյանը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հասցեով։
Նկարները պետք է ուղարկել Երևանում ՌԳՄԿ, Հայաստան, ք. Երևան, 0019, Պռոշյան փ. 1-ին նրբ, տ. 20/14․ Գրաֆիկական աշխատանքներն ուղարկել e–mail: [email protected] հասցեին:
Մրցույթի աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին: Մրցույթի հաղթողներին կտրվեն դիպլոմներ ու նվեր-հավաստագրեր:
Մրցույթի անցկացման կանոնների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Ռոսատոմ» պետկորպորոցիայի Lookaround Armenia կրթական ծրագրի ֆեյսբուքյան էջից։