Վրաստանի դեսպանությունում իջեցվել է պետական դրոշը՝ ի հիշատակ ավտովթարի հետևանքով զոհվածների
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի դեսպանությունում իջեցվել է պետական դրոշը՝ ի հիշատակ ավտովթարի հետևանքով զոհվածների](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025782.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը՝ ի հիշատակ Վրաստանում Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանում Վրաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» էջում տեղադրված հաղորդագրությունից։ Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։
Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը օգոստոսի 23-ին ցած էր գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Վթարի հետևանքով 17 մարդ զոհվել է, ևս 3 ուղևոր ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Վրաստանին՝ Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: