Հասարակական

Սահմանվում են ՏԻՄ-երում աշխարհազորի և աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները

3 րոպեի ընթերցում

Սահմանվում են ՏԻՄ-երում աշխարհազորի և աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

«Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ»,- նշված է նախագծում։

Ըստ նախագծի՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:

«Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրթյունը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,- նշված է նախագծում։

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում