Հասարակական

Շրջակա միջավայրի նախարարությունում կադրային ջարդ չի լինելու․ Ռոմանոս Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունում կադրային ջարդ չի լինելու․ Ռոմանոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի, ինչպես նաև կառուցվածքային և տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Պետրոսյանը հայտնել է, որ նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, սակայն կադրային փոփոխություններ լինելու են։

«Բոլոր բարեփոխումները սկսվում են կադրերից։ Պետական կառավարման համակարգն այսօր լիովին վերափոխվել է, և պետք է համապատասխանել նոր չափորոշիչներին։ Այս առումով Շրջակա միջավայրի նախարարությունում բավականին շատ անելիք կա, և այդ անելիքը պետք է համատեղ ջանքով իրականություն դարձնել»,- նշել է նախարարը։

Նա հայտնել է, որ ամենակարճ ժամկետներում հայտարարվելու են ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթներ, և յուրաքանչյուր ոք, ով իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կկարողանա ազատ մասնակցել մրցույթներին։

«Չկա որևէ կարծրատիպային մոտեցում։ Շահը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացու շահը։ Նշեմ, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցից պահանջը մեկն է՝ անձնվիրաբար ծառայել պետության ու երկրի շահերին՝ կարծրատիպերից ու կաշկանդող անձնական հարաբերություններից դուրս»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նա մի շարք հանձնարարականներ է տվել առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

Համավարակի հաղթահարումից հետո մշակվելու են աշխատանքի նոր ձևաչափեր՝ թիմային փոխգործակցության աստիճանի բարձրացում, ինչպես նաև աշխատասենյակներից դուրս՝ շրջակա միջավայրում, աշխատաժամերի անցկացման հնարավորություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում